Ֆիզիկական առողջություն

<<Պենիսգեյթը>> Ձմեռային Օլիմպիական խաղերում

WADA-ն ուսումնասիրում է տեղեկությունները, թե արդյոք տղամարդ դահուկացատկորդները հիալուրոնաթթու են ներարկում սեռական օրգանի մեջ՝ ավելի հեռու թռչելու նպատակով

Օլիմպիական մեդալների համար պայքարում պրոֆեսիոնալ մարզիկները հաճախ անցնում են այնպիսի փորձությունների միջով, որոնք սովորական մարդու համար դժվար է պատկերացնել։ Սակայն արդյո՞ք այդ ջանքերը կարող են հասնել այնքան հեռու, որ դահուկացատկորդները առնանդամի մեջ հիալուրոնաթթու ներարկեն՝ մրցումներում առավելություն ստանալու համար։

Այս հարցն այժմ գտնվում է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ուշադրության կենտրոնում։ Գերմանական Bild թերթի հրապարակումից հետո սկսվել է հետաքննություն, որի շրջանակում առաջ են քաշվել պնդումներ, որ որոշ մարզիկներ հնարավոր է նման մեթոդի են դիմել՝ շրջանցելու մրցումային հագուստների չափման խիստ կանոնները։ Միջադեպը լրատվամիջոցներում արդեն ստացել է «Penisgate» անվանումը։

Ինչ է հիալուրոնաթթուն և ինչ ազդեցություն ունի սեռական օրգանի վրա

Հիալուրոնաթթուն լայնորեն կիրառվող նյութ է էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի մեջ։ Այն օգտագործվում է դեմքի, մարմնի տարբեր հատվածների ձևի և ծավալի ժամանակավոր փոփոխման համար։ Ուրոլոգ վիրաբույժ պրոֆեսոր Էրիկ Չանգի խոսքով՝ հիալուրոնաթթվի ներարկումները կիրառվում են նաև սեռական օրգանի շրջագծի մեծացման նպատակով։

Ըստ մասնագետի՝ նման միջամտությունը հիմնականում ազդում է սեռական օրգանի հաստության վրա, սակայն նկատելի արդյունքի համար անհրաժեշտ է բավական մեծ քանակի նյութ։ Հիալուրոնաթթվի ազդեցությունը ժամանակավոր է և սովորաբար պահպանվում է 6-12 ամիս՝ կախված օրգանիզմում նյութի ներծծման և տարածման առանձնահատկություններից, ինչից հետո պահանջվում են կրկնակի ներարկումներ։

Ինչ կապ ունի սեռական օրգանի չափը դահուկացատկի հետ

Դահուկացատկում մրցակցային առավելությունը մեծապես կախված է ոչ միայն մարզիկի ֆիզիկական պատրաստվածությունից, այլև մրցումային հագուստի չափերից։ Մրցաշրջանի սկզբում մարզիկները անցնում են պարտադիր չափման գործընթաց՝ ՖԻՍ-ի (Միջազգային դահուկային և սնոուբորդի ֆեդերացիա) կողմից հաստատված 3D սկանավորման սարքերի միջոցով։

Չափումները կատարվում են բժշկի ներկայությամբ, հատուկ դիրքում, ներքնազգեստով։ Այդ տվյալների հիման վրա որոշվում է մրցումային հագուստի թույլատրելի չափը։ Հագուստի մակերեսի նույնիսկ փոքր ավելացումը կարող է զգալի ազդեցություն ունենալ աերոդինամիկայի վրա՝ ապահովելով ավելի մեծ օդային բարձրացում և, արդյունքում, ավելի երկար թռիչք։

Դիքինի համալսարանի ֆիզիկական ակտիվության և սննդագիտության դպրոցի ներկայացուցիչ, դոցենտ Դեն Դուայերի խոսքով՝ սեռական օրգանի արհեստական մեծացումը կարող է ազդել չափումների վրա՝ թույլ տալով մարզիկին ունենալ մի փոքր ավելի մեծ հագուստ։ Այդ մեծացված մակերեսը կարող է ստեղծել հավելյալ բարձրացման ուժ, ինչը բարձր մրցակցային միջավայրում կարող է որոշիչ դեր խաղալ։

ՖԻՍ-ի տղամարդկանց մրցումների տնօրեն Սանդրո Պերտիլեն նշում է, որ «մրցումային հագուստում յուրաքանչյուր լրացուցիչ սանտիմետրը կարևոր է»։ Նրա խոսքով՝ նույնիսկ 5 տոկոսով մեծ մակերես ունեցող հագուստը կարող է ապահովել ավելի երկար թռիչք, և բարձր մակարդակի սպորտում մարզիկները մշտապես գործում են կանոնների թույլատրելի սահմանների առավելագույն կետում։

Որո՞նք են առողջական ռիսկերը

Ուրոլոգների գնահատմամբ՝ սեռական օրգանին հիալուրոնաթթվի ներարկումը կապված է լուրջ կարճաժամկետ և երկարաժամկետ վտանգների հետ։ Պրոֆեսոր Չանգը նշում է, որ սխալ տեխնիկայի կամ չափաբաժնի դեպքում կարող են առաջանալ՝

  • ցավ և արտահայտված անհարմարություն
  • արտաքին տեսքի խախտում և դեֆորմացիա
  • բորբոքային գործընթացներ և վարակներ
  • զգացողության փոփոխություն
  • սեռական ֆունկցիայի խանգարում

Ծայրահեղ հազվադեպ, բայց ծանր դեպքերում վարակը կարող է տարածվել՝ առաջացնելով հյուսվածքների մահացում (գանգրենա), ինչը կարող է հանգեցնել սեռական օրգանի մասնակի կամ ամբողջական կորստի։

 

Banner
x