Ամանորի գիշերը տոն է, բայց բժշկական վիճակագրության մեջ դա տարվա ամենածանր հերթապահություններից մեկն է։ Հունվարի 1-ին հիվանդանոցներ են դիմում մարդիկ, որոնք պարզապես սխալ են տոնել։ Ստորև՝ ամենատարածված և ամենավտանգավոր սխալները, որոնք կարելի է հեշտությամբ չանել։
1. Ալկոհոլը մի վերածիր փորձարարության
Ամանորին հաճախ խմում են ամեն ինչ՝ հերթով ու առանց մտածելու։ Ալկոհոլների խառնումը արագ բերում է ալկոհոլային ինտոքսիկացիայի, սրտի ռիթմի խանգարումների, ճնշման կտրուկ տատանումների և գիտակցության խանգարման։
Մեծ մասը «չափը կորցնելու» դեպքերի հենց այս պատճառով են։
2. Մի ծանրաբեռնի ստամոքսը մի գիշերվա մեջ
Տոնական սեղանը նախատեսված չէ օրգանիզմը փորձարկելու համար։ Ճարպոտ միս, մայոնեզ, ապխտած մթերք, քաղցրավենիք և ալկոհոլ միասին հաճախ ավարտվում են սուր գաստրիտով, պանկրեատիտով կամ լեղապարկի սուր նոպայով։
Սրանք հունվարի 1-ի ամենահաճախ հանդիպող դեպքերից են։
3. Մի վստահիր «տնական» ալկոհոլին
Տնական օղին, «բնական թուրմերը» կամ անհայտ ծագման ալկոհոլը կարող են պարունակել թունավոր նյութեր՝ հատկապես մեթանոլ։
Հետևանքները կարող են լինել ծանր թունավորում, տեսողության անդառնալի կորուստ և նույնիսկ մահ։
4. Մի խառնիր դեղերն ու ալկոհոլը
Ցավազրկողները, հանգստացնողները, ճնշման կամ սրտի դեղերը ալկոհոլի հետ կարող են դառնալ վտանգավոր կոմբինացիա։
Հաճախ առաջանում են լյարդի ծանր վնասումներ, շնչառության ընկճում և հանկարծակի գիտակցության կորուստ։
5. Մի նստիր ղեկին ալկոհոլ ընդունած, նույնիսկ եթե քեզ «նորմալ ես զգում»
Ամանորի գիշերը ճանապարհատրանսպորտային պատահարների պիկն է։ Ալկոհոլը խաթարում է արձագանքման արագությունը և վտանգի ճիշտ գնահատումը՝ անկախ խմած քանակից։
Մի քանի րոպե խնայելը կարող է արժենալ առողջություն կամ կյանք։
6. Մի անտեսիր լուրջ ախտանշանները
Ուժեղ որովայնային ցավ, կրծքավանդակի ցավ, շարունակական փսխում, գլխապտույտ կամ գիտակցության խանգարում՝ սրանք «անցնող» վիճակներ չեն։
Հենց այս պահին ուշանալը հաճախ է բարդությունների պատճառ դառնում։







